Կոռեկտ չէ հայտարարել, թե պետք է այնպես անել, որ երկրում հաշմանդամներ չլինեն: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ հակոբ Հակոբյանի հայտարարությանը:
«Ես կարծում եմ, որ սա կոռեկտ չէ, նույնիսկ ՄԱԿ-ի հաշմանդամների հարցերով կոմիտեն է նկատել, որ դա համարել է խտրական մեկնաբանություն: Մենք չենք կարող այնպես նել, որ բոլորը լինեն բոյով ու կապուտաչյա: Հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ կլինեն: Մեր խնդիրն է ոչ թե այնպես անել, որ նրանք չլինեն, այլ որպեսզի նրանց հարմար լինի ապրել լիարժեք կյանքով»,-հայտարարեց Լենա Նազարյանը:
Նրա խոսքով, կա հաշմանդամության վերաբերյալ կա երկու պատկերացում եւ խնդիրները լուծելու մոտեցում. առաջինը խորհրդային տարիներին ընդունված մոտեցումն է, որ եթե մարդն ունի հաշմանդամություն, ապա նա հիվանդ է, նրան պետք է անպայման բուժել եւ մշտապես խնամքի կարիք ունի:
«Կա երկրորդ մոտեցումը, որ մարդկությունը բազմազան է, կան յուրահատուկ մարդիկ, եւ պետք է այնպես անել, որ նրանք հետ չմնան բոլոր ոլորտներից: Մենք չենք կարող փոխել մարդուն, բայց կարող ենք անել, որ նրանք ունենան լիարժեք կյանքի հնարավորություն: Մեր կրթական, աշխատանքային, տրանսպորտային միջավայրերը բոլորովին հարմարեցված չեն եւ մնում են խտրական»,-հայտարարեց Լենա Նազարյանը:
Ի պատասխան Հակոբ Հակոբյանը նշեց. «Մենք պետք է մարդուն բուժենք, որ նա չդառնա հաշմանդամ: Եթե մենք մեր սեյսմիկ գործակիցը նվազեցնենք, ապա թեթեւ երկրաշարժից էլ կարող ենք ունենալ բազմաթիվ հաշմանդամներ: Եթե մենք ավտոմեքենաների նվազագույն արագությունը 140կմ/ժամ սահմանենք, ապա հաշմանդամների թիվը կավելանա: Այսինքն հնարավոր է մեր քայլերով նպաստել, որ հաշմանդամների թիվը նվազի»:




























