Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված զենքերից ոչ մեկի պաշտոնական առանձնահատկությունները հայտնի չեն, քանի որ դրանք չեն հրապարակվում եւ որեւէ մեկին հասանելի չեն: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա ընդգծել է, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքային հեռավորությունը, որի մասին հայտարարել էր Պուտինը, «անսահմանափակ» է` նշելով, որ այս տերմինն օգտագործվում է միայն այն դեպքերում եւ այն բալիստիկ հրթիռների պարագայում, որոնք ավտոմատ կարող են հասնել աշխարհի ցանկացած կետ: Այսպես, ըստ Խրամչիխինի, «Սարմատի» գործողությունների հեռավորությունը կարող է գերազանցել 20 հազար կիլոմետրը:

 «Եթե իսկապես ստեղծվել է միջուկային շարժիչով թեւավոր հրթիռ, ապա այն եւս ունի անսահմանափակ հեռավորությամբ թռչելու հնարավորություն: Իսկ ստորջրյա տորպեդի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ոչինչ չգիտեմ»,-պարզաբանել է  ռազմական փորձագետը:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ սկզբունքորեն այդ զենքերի մասին քիչ թե շատ արդեն հայտնի էր, եւ դրա մասին հայտնելն իր մեջ հատուկ բան չէր պարունակում, բացառությամբ միջուկային շարժիչով հրթիռի, որը Խրամչիխինը բնորոշել է որպես «ամբողջությամբ սենսացիա»:

Այն հարցին, թե որն է այդ տեսակի հրթիռների առավելությունը նախորդ մոդելների համեմատ, եւ արդյոք միջուկային շարժիչը վտանգ չի ներկայացնում անձնակազմի համար, փորձագետը պատասխանել է, որ այդ հրթիռների հիմնական առավելությունը հենց «անսահմանափակ» հեռավորությունը, հետագծի անկանխատեսելիությունն ու թռիչքի տեւողությունն է։ Բացի այդ, ռազմական փորձագետը նշել է, որ հրթիռի շարժիչն անձնակազմի համար ավելի քիչ սպառնալիք է ներկայացնում, քան ատոմային շարժիչներով սուզանավերը, որոնցում զգալիորեն ավելի շատ մարդիկ են գտնվում՝ ներառյալ սպաներ, նավաստիներ եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը:

Փորձագետը շեշտել է, որ զենքերի նոր տեսակների արտադրությունը էժան հաճույք չէ եւ տվյալ զենքերն արտադրելը  եւս էժան չի լինելու։ Սակայն, Խրամչիխինը նկատել է, որ եթե Ռուսաստանում մշակվում  եւ արտադրվում են այս տեսակի զենքեր, դա արդեն իսկ  նշանակում է, որ դրանց կարիք կա: Հարցին, թե դա հարվածում է արդյոք պետբյուջեին՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բարդ ֆինանսական իրավիճակը, փորձագետը նշել է, որ, ըստ երեւույթին, բյուջեից միջոցներ հատկացվել են, եւ, չնայած արեւմտյան փորձագետների հայտարարություններին, Ռուսաստանում տնտեսական իրավիճակն այդքան էլ ծանր չէ, ինչպես ոմանք կցանկանային տեսնել: