Փողոցում իշխանափոխության օրակարգով շարժում սկսելու հանրային պահանջարկ չկա։ Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։ Պատգամավորը NEWS.am–ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել «Ելք» դաշինքի՝ Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերը տապալելու, Նիկոլ Փաշինյանի Ազատության հրապարակ գործուղվելու ցանկությունները. «Առաջին անգամ է, որ մեր պատմության մեջ մոտ տարիուկես ներքին խաղաղություն է,  մեր պետությունը ապրում է ներքին խաղաղության պայմաններում, որը տվել է իր արդյունքները տնտեսական բնագավառում»։

Դիտարկմանը, թե ներքաղաքական այդ անդորրը արդյոք չի նշանակո՞ւմ, որ  քաղաքական  դաշտն ամայացած է, Նիկոյանը պատասխանեց. «Ոչ, ոչ բացարձակապես, դուք քաղաքական դաշտը պատկերացնում եք հայհոյե՞լը, կռվե՞լը, հիմա նորմալ քաղաքական գործընթաց է գնում։ Կա ընդդիմություն, որն իր տեսակետները հայտնում է Ազգային ժողովում, աշխատում է,  եւ դրա համար բոլոր հնարավորությունները կան ու նորմալ գործընթացը է գնում։ Քաղաքական գործունեությունը պատկերացնում եք միայն հրապարակում ճչալ–գոռալո՞վ։ Եզակի առաջին դեպքն է, որ տարիուկես  մեր պետությունում չկան նման երեւույթներ եւ արդյունքում ունեցանք 5–6 տոկոս տնտեսական աճ»:

Սամվել Նիկոյանը նաեւ հավելեց, որ այդ «ներքին խաղաղությունը» ժողովրդի իմաստնության շնորիվ է։ Թե որքան կտեւի այդ ցանկալի «խաղաղությունը», պատգամավորը դժվարացել է հստակ ասել։