Կոտայքի մարզում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուցված եւ ապամոնտաժված շինության սեփականատեր Ծովինար Համբարձումյանը համակերպվել է շինության քանդման փաստի հետ: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց. «Եղածը եղած ա, ո՞ւմ համար պայքարեմ, ում դեմ պայքարեմ: Եթե քանդման որոշում ունեցել են, ուրեմն օրինական են քանդել, բայց չի եղել այդ որոշումը»: Ծովինար Համբարձումյանn այլ հարցերի չցանկացավ պատախանել՝ նշելով, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են նաեւ խնդրի մասին բարձրաձայնած ԶԼՄ-ները:

Ծովինար Համբարձումյանը մեզ հետ զրույցում ավեի վաղ պնդել էր, որ  շինությունը չի մտնում «Քարերի սիմֆոնիայի» տարածքում եւ ինքը կարող է այդ վայրում շինարարություն կատարել. «Դա տուրիստական կանգառ է ընդամենը, որ տուրիստները գան, կանգնեն նայեն «Քարերի սիմֆոնիային», դա սրճարան կամ խորովածանոց չի լինելու։ Զբոսաշրջիկները 30-40 րոպե ժամանակի դիմաց 100-200 դրամ գումար են տալու եւ ուտելու են իրենց բերած ուտելիքը։ Շվաքարանը թող տարբերեն խորոված ուտելու տեղից։ Ես հիմա պայքարում եմ, որ այդ տարածքը չվաճառվի, որ զբոսաշրջիկները կանգնելու տեղ ունենան,  մեր ընտանիքի սեփականությունն է դա 30 տարի եղել եւ սիմֆոնիայի տարածքի հետ բացարձակ կապ չունի, ոչ մի կանոն չեմ խախտել, ոչ մի գետի հուն չեմ փոխել, օրինական  է ամեն ինչ եղել։ Թող ասեն, ես այդտեղից 30 տոննա զիբիլ եմ տարել թափել, մաքրել եմ, թող դա ասեն, ինչի են միայն մի կողմը նշում»:

Սակայն, ավելի ուշ որոշում էր կայացվել եւ շինությունն ապամոնտաժվել էր: