Քիմիայի մասնագետները հետազոտում են ծաղկեփունջը, որը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը դրել էր կնոջ գերեզմանին՝ Սոլսբերիում տեղի ունեցածից կարճ ժամանակ առաջ, հայտնում է Mail on Sunday պարբերականը՝ վկայակոչելով հետաքննության մոտ կանգնած իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ քննչական մարմինը կենտրոնացել է վարկածի վրա, որ ծաղիկները, հնարավոր է, թունավորված են եղել: «Սա բացառել չի կարելի»,- ասել է նա: «Հիմա ամեն ինչ պտտվում է ծաղիկների շուրջը, գերեզմանի մոտ եղած թարմ ծաղիկների: Ըստ երեւույթին, Սկրիպալն այնտեղ է գնացել մինչ այն, երբ եկել է կայանատեղի»,- հավելել է պարբերականի զրուցակիցը:

Պարբերականի տեղեկություններով՝ Սկրիկպալը եւ նրա դուստրը գերեզմանոցում են եղել մարտի 4-ին, մի քանի ժամ առաջ, երբ նրանց Սոլսբերիի կենտրոնում հայտնաբերել են անգիտակից վիճակում: Մասնագետները ենթադրում են, որ չարագործները կարող էին ծաղիկները Սկրիպալին տուն ուղարկած լինել:

Բացառված չէ, որ ծաղկեփնջին կարող էր կցված լինել Սկրիպալի կնոջ ծանոթի անունից բացիկ կամ գրառում՝ ծաղիկները գերեզմանոց տանելու խնդրանքով: Պարբերականը նշում է, որ ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետը սովորաբար կնոջ գերեզմանին արհեստական ծաղիկներ էր բերում:

Լոնդոնի ոստիկանությունից հրւաժարվել են այս տեղեկությունը մեկնաբանել: «Մենք չենք հաստատում մասնավոր աղբյուրները կամ վայրերը, որտեղ հետաքննություն է ընթանում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի զինվորականները տարհանում են վարակված մեքենաները, շտապ օգնության մեքենաները եւ այլ իրեր զինվորական լաբորատորիայում հետազոտելու համար: Դրանից զատ, ոստիկանությունը շրջափակել է Սոլսբերիի գերեզմանատեղին, որտեղ թաղված են Սկրիպալի հարազատները, իսկ նրանց գերեզմանների մոտ վրան է խփված, որի մոտ նկատվել են կենսաբանական պաշտպանության հանդերձանքով մարդիկ:

ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Սոլսբերիի այգու նստարանին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով: