2016 թվականի հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է։
«Ալբերտն իրեն շատ լավ է զգում: Նրան սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտեւի 4-ից 6 ժամ», - Facebook-յան իր էջում հայտնել է Ալբերտի վիրահատության հանգանակությունը նախաձեռնողներից Թագուհի Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար նախատեսված 45 հազար դոլարը հավաքվեց օնլայն հանգանակության միջոցով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում կոչ էր արել միանալ այդ դրամահավաքին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:
- Զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու գործն ուղարկվեց դատարան. ամբաստանյալը դասակի հրամանատարն է
- Վիրավոր զինծառայողի մայրը ցանկանում է հանդիպել Պնախարարին. նամակին ոչ մի կերպ չեն արձագանքում
- 1 տարի առաջ լեյտենանտի կողմից վիրավորված զինծառայողն առաջիկայում պլաստիկ վիրահատության կենթարկվի
- Տղաս 1 տարի է՝ հիվանդանոցից տուն չի գալիս, իսկ նրա վրա կրակած լեյտենանտը շարունակում է դիրքեր բարձրանալ. վիրավորի մայր






























