Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին այցելել է Սպիտակի թիվ 8 դպրոց, որտեղ նրա երկրի կառավարության դրամաշնորհային հումանիտար ծրագրի շնորհիվ ջեռուցման նպատակով տեղադրվել են էլեկտրախնայող արեւային պանելներ:
Դեսպանին ուղեկցում էին նրա կինը, դեսպանատան աշխատակիցներ, Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դեսպանին աղուհացով դիմավորեցին: Ըստ որում՝ աղջիկներից մեկը հագել էր ճապոնական ավանդական կիմոնո:
«Այս նախագծի շնորհիվ մեզ կհաջողվի ավելի քան կիսով չափ կրճատել այս դպրոցի ջեռուցման տարեկան ծախսերը: Մինչ այդ մենք ստիպված էինք տարեկան ծախսել մինչեւ 5 մլն դրամ, իսկ հիմա կխնայենք 3,5 մլն-ից ավելի»,- իր ելույթում նշեց Սպիտակի քաղաքապետը:
Նախագծի վրա Ճապոնիայի կառավարությունը 85 հազար դոլար է ծախսել: Ըստ որում՝ նախատեսվում է Հայաստանում իրականացնել մոտ 40 նախագիծ, որոնցից յուրաքանչյուրի համար կպահանջվի գրեթե 100 հազար դոլար:
Դեսպանն, իր հերթին, նշեց, որ համանման ծրագրերի իրականացումը պարբերական բնույթ կկրի, եւ ճապոնական կողմը չի պատրաստվում ձեռք բերածով սահմանափակվել:
Դրանից զատ, Շիրակի մարզի Առափի գյուղում 2017 թվականին ճապոնական կողմը իրականացրել է բնակավայրի տակից կոյուղաջրերի հեռացման համակարգի կառուցման ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 114 հազար դոլար: Մշակվել է նաեւ Շիրակի մարզում սողանքի պրոցեսների վերահսկողության ծրագիր, որի համար Ճապոնիայի կառավարությունը 3 մլն 253 հազար դոլար կտրամադրի:



























