Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը, որը կանոնավոր ուղեւորափոխադրումներ է իրականացնում եւ սպասարկում է Երեւան-Տվեր ուղղությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մարտի 20-ին Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում տեղի ունեցած պատահարի հետեւանքով 2 զոհերից մեկը 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսի, մյուսը՝ բեռնատարի վարորդն է, որին բախվել է հայկական ավտոբուսը:

Ավտոբուսում 48 ուղեւոր եւ 2 վարորդ է եղել: Վիրավորներն առաջին բուժօգնություն են ստացել, չտուժած ուղեւորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:

Տրանսպորտի նախարարության աշխատակիցները կապի մեջ են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան եւ ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ: Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են: