Դպրոցների կառավարման խորհուրդները շատ հաճախ ձեւական բնույթ են կրում: Այս մասին, Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման թեմաները եղել են դպրոցների կառավարման  խորհուրդները, անցումը համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգը:

Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հաճախ  համակարգային նույն խնդիրը պայմանավորված մարզի առանձնահատկությունից կարող է տարբեր լուծումներ պահանջել:

Անդրադառնալով  դպրոցների կառավարման գործող համակարգին` Լեւոն Մկրտչյանը նշել է, որ կառավարման խորհուրդները շատ հաճախ ձեւական բնույթ են կրում եւ, որպես կանոն, իրենց առաքելությունը չեն իրականացնում: Հետեւաբար,  նախարարությունում մշակվում է դպրոցների կառավարման  համակարգի նոր մոդելի նախագիծը: Նախարարի խոսքով, առաջարկվող տարբերակներից մեկն էլ խորհուրդների խոշորացումն ու հստակ գործառույթների ամրագրումն է: ԿԳ նախարարը հորդորել է հանդիպմանը ներկա դպրոցների տնօրեններին ակտիվորեն մասնակցել քննարկումներին ու ներկայացնել կառուցողական առաջարկներ, որոնք կնպաստեն առավել գործուն եւ արդյունավետ  համակարգի մշակմանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ մարզում ավագ դպրոցների եւ փոքր դպրոցների արդյունավետ կառավարման խնդրներին: Մարզի կրթության պատասխանատուներն այն տեսակետին են, թե ներկայում մարզում ավագ դպրոցների թիվը բավականին մեծ է եւ արդյունավետ հոսքային ուսուցում կազմակերպելու համար կարիք կա դրանք միավորել: Համաձայնելով ոլորտի մասնագետների հետ՝ ԿԳ նախարարը նշել է, որ այժմ մշակվում է հանրապետության ավագ դպրոցների զարգացման նոր համակարգի եւ փոքր դպրոցների արդյունավետ կառավարման նոր մոդելների նախագիծը:

Այցի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգեւներ են հանձնել դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներին: