Վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության ընթացքում ոչ իր, եւ ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որեւէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Անդրադառնալով գործող վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝, նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից ուզում եմ անդրադառնալ հետեւյալին.

1) 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղեւորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով մինչեւ -26.9 հազար: Այլ կերպ ասած, էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը;

2) Իր գործունեության ընթացքում ոչ իր, եւ ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որեւէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել;

3) Տաղանդաշատ եւ արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է;

4) Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլեւս հարատեւ են լինելու;

5) Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ;

6) Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ եւ կարեւոր գործընթաց է սկսվել երկրում;

7) Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵՏՄ եւ ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես Ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով;

8) Բյուջեի հարկային եկամուտները 20 եւ ավել տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ;

9) Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է;

10) Եվ իհարկե, ԺՊԻՏԸ, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում:

Այս ամենի, եւ էլի շատ բաների համար, որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի, ուզում եմ անկեղծ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պարոն Վարչապետ: Բարին ընդ Ձեզ: