Կորեական թերակղզու միջուկային խնդրի չկարգավորվածությունը լուրջ գործոն է, որը զսպում է Մոսկվայի եւ Փհենյանի համագործակցությունը: Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ կապված ապրիլի 10-ին Ռուսաստան Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի պաշտոնական այցի հետ:

«Առաջիկա բանակցությունների օրակարգում կարեւոր տեղ է հատկացված Կորեական թերակղզու իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակմանը եւ այն կարգավորելու ուղիների որոնմանը, այդ թվում՝ նշված մերձտարածաշրջանային իրադրության զարգացման մեջ նկատվող դրական միտումների ենթատեքստում: Կորեական թերակղզու միջուկային եւ այլ խնդիրների չկարգավորվածությունը, ինչպես նախկինում, կարեւոր գործոն է, որը զսպում է ռուս-հյուսիսկորեական համագործակցությունը»,- նշված է մեկնաբանության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից նաեւ հայտնել են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի հետ հանդիպմանը կքննարկի գործնական փոխգործակցության եւ համատեղ նախագծերի իրականացման արդյունավետության բարձրացման միջոցառումները:

«Նախատեսվում է քննարկել գործնական ոլորտներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման միջոցառումները, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ եռակողմ՝ հարավկորեական գործընկերների մասնակցության ձեւաչափով»,- նշված է հաղորդագրության մեջ: