Որպես ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակումների ենթարկված ձեռնարկություններին աջակցելու միջոց՝ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է երկրում «հատուկ ռեժիմով եւ օֆշորի նշաններով» երկու տարածքի ստեղծման հնարավորությունը: Այս մասին «Վեդոմոստի» թերթին պատմել են չորս դաշնային պաշտոնյաներ, ինչպես նաեւ այս նախագծի քննարկմանը մասնակցած անձը:
Այդպիսի գոտիները, ըստ պարբերականի զրուցակիցների, կարող են հայտնվել Կալինինգրադի Օկտյաբրսկի կղզում եւ Հեռավոր Արեւելքի Ռուսկի կղզում: Հենց այս տարածքներն ընտրելու պատճառներն աղբյուրները չեն նշել, սակայն հայտնել են, որ այն քննարկվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից: Այս տեղեկությունը հաստատել է գերատեսչության ներկայացուցիչը: Այժմ այս նախաձեռնություն, ըստ նրա, համաձայնեցվում է համապատասխան գերատեսչությունների հետ:
Ինչպես պարբերականին հայտնել են պաշտոնյաները, փաստաթղթի համաձայն՝ նրանք, ովքեր ցանկանում են իրենց գումարները վերադարձնել Ռուսաստան, կկարողանան անել դա արագ եւ առանց հարկերի: Նախագիծը, ըստ նրանց տեղեկությունների, թույլ կտա խնդիրների առջեւ կանգնած գործարարներին արտասահմանյան կառույցներն այլ երկրներից տեղափոխել Ռուսաստան, այդ թվում նաեւ՝ օֆշորներինց՝ պահպանելով դրանց իրավական ձեւը:



























