Ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գխավորությամբ, քիչ առաջ ուժով բացեցին Երեւանի Մաշտոցի պողոտան։

Փոխոստիկանապետը մոտեցավ փողոցը փակած մի քանի երիտասարդների եւ նրանց հորդորեց բացել ճանապարհը։ Ըստ Օսիպյանի, ցուցարարները հակաօրինական քայլ են կատարում փողոցը փակելով։ Ցուցարարները հրաժարվեցին ենթարկվել, ինչից հետո Օսիպյանը ոստիկաններին հրահանգեց բացել պողոտան։

Մի քանի ցուցարարների տեղավորեցին ոստիկանական մեքենաների մեջ եւ, ըստ ամենայնի, բերման կենթարկեն։

Նշենք, որ այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները անսպասելիորեն փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։

Ցուցարարները նաեւ վրան էին դրել փողոցի մեջտեղում։ Ոստիկանները հանել եւ տարել էին վրանը, սակայն մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել էին գետնին, անգամ պառկել եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Անցնող մեքենաների մի մասը ազդանշաններով ողջունում էր ցուցարարներին, մյուս մասն էլ դժգոհում, որ փակել են փողոցը։

Ցուցարարների մեկ այլ խումբ էլ երթ է սկսել Բրազիլիայի հրապարակից եւ շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։