ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այսօր՝ ապրիլի 14-ին ագրեսիա են սկսել Սիրիայի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ըստ այդմ, սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում:
Al-Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել է, որ հարվածներից մեկը եղել է Դամասկոսի հյուսիսում Բարզե շրջանում: Հարձակման է ենթարկվել այնտեղ տեղակայված գիտահետազոտական կենտրոնը:
Առկա տեղեկություններով՝ ԱՄՆ-ի ու կոալիցիայի երկրների ավիացիան օդային հարվածներ է հասցնում այս շրջանին, քանի որ այնտեղ գիտական կենտրոններ են տեղակայված։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ սկսել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում անցած շաբաթ ենթադրական քիմիական հարձակմանը
Նա խոստացել է, որ «այդ գազանություներին ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական համատեղ պատասխանը» ներառելու է բոլոր գործիքները՝ «ռազմական, տնտեսական ու դիվանագիտական»։ Թրամփը հավելել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական վարչակարգը չդադարեցնի քիմիական զենքի գործածումը։
Թրամփը հայտարարել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնելու սկզբի մասին




























