Վահան Շիրխանյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն կայուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ցանկացած ամբաստանյալի  համար դատական նիստերի ձգձգումները անտանելի են, անգամ ազատ ամբաստանյալներն են դա ծանր տանում: Աննախանձելի վիճակ է ստեղծվել Շիրխանյանի վիճակը կայունացրել են ու այդպես մնում է: Նրան նույնիսկ հնարավորություն չեն առաջարկում, որ վիճակը լավանա: Դա էլ անում են, որ չմահանա, որ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ ծանր դատավճիռ չկայացնի»,-  ասաց  պաշտպանը:

Ալումյանը նշեց, որ պատրաստվում է մոտ ժամանակներում պատրաստվում է իր պաշտպանյալի խափանման միջոցի մասին արդեն 3-րդ անգամ միջնորդություն ներկայացնել:

Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով: Մեղադրող կողմը պնդում է, թե Շիրխանյանը այս հարցում աջակցել է Արթուր Վարդանյանին:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: