ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ անմիջական բանակցություններ սկսել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կիրակի օրը CBS հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

«Մենք երբեք չենք ցանկանա անմիջական բանակցություններ սկսել Սիրիայի հետ: Նրանք արժանի չեն, որպեսզի ԱՄՆ-ն բանակցություններ վարի նրանց հետ», - ասել է մշտական ներկայացուցիչը:

Հեյլիի խոսքով՝ նրանք միայն բռնության են դիմում իրենց ժողովրդի դեմ եւ ոչնչացնում են իրենց երկիրը: «Ինչ վերաբերում է Ժնեւի գործընթացին, ապա ԱՄՆ-ն հենց սկզբից մասնակցում է այդ գործընթացին եւ շարունակելու է մասնակցել: Սակայն մենք չենք պատրաստվում բանակցություններ վարել Ասադի հետ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:ա