Ռուսաստանում գինիների խոշոր ներմուծող, «Լուդինգ» ընկերությունների խմբի համասեփականատեր Արթուր Վարժապետյանի եւ կնոջ՝ Աննա Շահնազարովայի ամուսնալուծության գործընթացը կմեկնարկի Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանում, փոխանցում է ՌԲԿ-ն։ Ամուսինները համաձայնության չեն եկել ընտանիքին պատկանող բաժնեմասերի, ռուսաստանյան եւ արտասահմանյան գույքի մինչդատական բաժանման շուրջ։  

Փաստաբան եւ DS LAW ավագ գործընկեր Օլեգ Պոնամարեւը, որը ներկայացնում է Աննա Շահնազարովայի շահերը, հայտնել է․ «Մենք հաստատում ենք, որ դատական հայց ենք ներկայացրել եւ ակտիվորեն պատրաստվում ենք դատական գործընթացին։ Սրան նախորդել են երկարատեւ բանակցությունները ամուսինների միջեւ, սակայն դրանք մինչդատական համաձայնության չեն հանգեցրել»։

Ամուսինները 22 տարի է, ինչ ամուսնացած են, ունեն 2 երեխա։ Հայցադիմումի մեջ նշված է, որ ամուսինները վերջին ժամանակներս առանձին են ապրում, իսկ ամուսնալուծության պատճառն է դարձել այն փաստը, որ «սիրո եւ փոխադարձ հարգանքի զգացմունքներն անդառնալիորեն կորսված են»։ Ամուսինները համաձայնության չեն եկել, քանի որ Արթուր Վարժապետյանը չի համաձայնվել ունեցվածքի բաժանման առաջարկված սխեմային։ Աննա Շահնազարովայի փաստաբանի փոխանցմամբ՝ խոսքը ավելի քան 50 մլն դոլար արժողությամբ բաժնեմասերի ու գույքի մասին է։

Շահնազարովան մասնակցել է «Լուդինգ» ընկերությունների խմբի ռազմավարական զարգացմանը եւ առ այսօր զբաղեցնում է այդ ընկերությունների խմբի զարգացման հարցով տնօրենի պաշտոնը։