Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ կխորհրդակցի Սեուլի եւ Փհենյանի զինվորականների՝ լարվածության թուլացման եւ վստահության հաստատման միջոցառումների հարցերով բանակցություններ անցկացնելիս: Այս մասին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոն Յոն Մուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հարավկորեական ռազմական գերատեսչությանը:

Հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 28-ին: Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, միջկորեական գագաթնաժողովը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին սահմանային Փհանմունջոմ բնակավայրում:
«Պաշտպանության նախարար Սոն Յոն Մունը պարզաբանել է Հարավի եւ Հյուսիսի բարձր մակարդակով պատմական բանակցությունների արդյունքները եւ ասել, որ պշտպանության ոլորտում Հարավի եւ Հյուսիսի առաջնորդների պայմանավորվածությունների ազնիվ կատարման ճանապարհով Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ խաղաղության հաստատման ջանքերը էլ ավելի կբազմապատկեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նա Մեթիսին հավաստիացրել է, որ Հարավային Կորեան այսուհետեւ եւս ԱՄՆ-ի հետ սերտորեն կխորհրդակցի Սեուլի եւ Փհենյանի զինվորականների միջեւ լարվածության թուլացման եւ վստահության հաստատման միջոցառումների մասին բանակցություններ վարելիս:

Մեթիսն իր հերթին հավաստիացրել է, որ բարձր մակարդակով միջկորեական բանակցություններում առաջընթացը պայմաններ է ստեղծել ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովի հաջողության համար: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել հունիսին Սինգապուրում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության տարածաշրջանային հերթական հանդիպման ժամանակ:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհանմունջոմում պայմանավորվել են, որ այս տարվա մայիսին գեներալական մարկարդակով միջկորեական բանակցություններ կանցկացվեն ռազմական հարցերով: