ԵՄ-ն ակնկալում է ԱՄՆ կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերի լիովին  վերացում, Վաշինգթոնի հայտարարած մինչեւ հունիսի 1 հետաձգումը շուկաներում միայն անորոշություն է մտցնում: Այս մասին նշված է երեքշաբթի տարածված Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«ԵՄ-ն պնդում է մաքսատուրքերի ամբողջական վերացում: ԱՄՆ որոշումը սոսկ երկարաձգում է շուկայական անորոշությունը, որն արդեն վերաբերում է բիզնեսի որոշումների ընդունմանը»,- նշված է հայտարարության մեջ: Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին իր հերթին Twitter-ում նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է մաքսատուրքերի «ընդմիշտ» վերացում:

Գերմանիան նույնպես հույս ունի, որ ԵՄ-ն կազատվի ԱՄՆ մաքսատուրքերից:

«Կառավարությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ որոշումը ԵՄ-ին եւս մեկ ամսով պողպատի եւ ալյումինի ներմուծման ամերիկյան մաքսատուրքերից ազատելու մասին: Ընդհանրապես դաշնային կառավարությունը, ինչպես եւ նախկինում, երկարաժամկետ բացառում է ակնկալում: ԵՄ անդամ երկրները հիմա կքննարկեն հետագա գործողությունները»,- նշված է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ:

«Անդրատլանտյան տնտեսական համագործակցությունը երկու կողմերի համար էլ մեծ նշանակություն ունի: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն կարող շահագրգռված լինել առեւտրային հարաբերությունների էսկալացիայով: Հակառակը՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն դրանց խորացումից կշահեն»,- նշել են Գերմանիայի կառավարությունից:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս ընդգծել է, որ Բեռլինը հանդես է գալիս ընդդեմ ցանկացած տեսակի առեւտրային սահմանափակման:

ԱՄՆ-ն մեկ ամսով երկրաձգել է մետաղների ներկրման մաքսատուրքերի սահմանումը