Այստեղ ՀՀԿ-ականների կողմից սրտաճմլիկ խոսքերի կարիք չկա. շատ երկար ժամանակ չի անցել, ամեն ինչ եղել է այս սերնդի աչքի առջեւ: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը հարկ համարեց նաեւ դիմել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին. «Պարոն Նահապետյան, Դուք ի՞նչ իրավունք ունեք այս լսարանում հայտարարել, որ զորքերի տեղաշարժ կա: Ես հիմա հայտարարում եմ այստեղից, զորքերում թշնամու կողմից ամբողջ գծի ներկայությամբ ոչ մի տեղաշարժ չկա ու չի եղել, ճշտված է: Ամեն անգամ այդ իմիտացիոն հայտարարությունները որ արել եք, երբ ժողովուրդն ըմբոստացել է, հիմա չի անցնի: Դուք էդքան մտածում եք Արցախի համար, մենք էլ չենք մտածո՞ւմ: Ասում եք՝ թշնամին կհարձակվի, էսօր թշնամին վախենում է, ուզում է այս համախմբվածությունը չլինի, այսօր ազգը մի մարդ է դարձել»:

Նա նաեւ խոսեց շարժմանը միացած երիտասարդության մասին. «Դուք մեծ ճակատագրեր եք խեղել, ու այսօր եկել արդարանում եք, թե այս կանենք, այն կանենք: 2008-ին ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, որ մարդկանց բոլորին տարաք լցրեցիք բանտերը: Էսօր ո՞ւմ եք եկել լոլո կարդում: Դո՞ւք պետք է դզեք այս երկիրը, հնարավոր չի: Երկիրը կարող է ռելսերի վրա դնել այն ժողովուրդը, որն այսօր կանգնած է իր ազատության համար պայքարի: Իմ ջոկատի տղերքից, որ քայլող լեգենդներ են, էնքան են ծեծել ջարդել, որ Սասուն Միքայելյանի վրա ցուցմունք տան, որ էդ ամենը կազմակերպել է Սասուն Միքայելյանը: Ես պինդ մարդ եմ, բայց երբ մարտի 1-ը հիշում եմ, հուզվում եմ»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:

«Էս շարժման մեղավորն ո՞վ է, էս ժողովրդին ո՞վ է դուրս բերել հրապարակ: Սիրելի հանրապետականներ, դուք եք ձեր քայլերով մարդկանց հանել փողոց: Խնդրում եմ, կրակի հետ խաղ մի արեք: Ես իմ կյանքում երեք անգամ եմ լացելու աստիճան հուզվել. մեկը Հայաստանի առաջին զինվորական շքերթին, մեկը՝ Շուշիի ազատագրման ժամանակ, մեկ էլ՝ էս քանի օրը: Ասում եք՝ Փաշինյանը չի կարող վարչապետ լինել: Ճիշտ եք ասում, նա չի կարող բանդայի վարչապետ լինի, նա ուզում է Հայաստանի վարչապետ լինել: Դուք ունեցել եք մի թիմ, արհեստական կառույց եք ստեղծել, կոչել եք իշխանություն եւ ամեն ինչ արել եք ժողովրդին հակա: Այսօր ուզենք, թե չուզենք, ժողովուրդն իր ճակատագիրը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ մենք պարտավոր ենք չընդդիմանալ ժողովրդի ճակատագրին»,- ամփոփեց Սասուն Միքայելյանը: