Ամերիկյան Gibson Brands Inc. ընկերությունը, որը Gibson ապրանքանիշի կիթառ է արտադրում, հայտարարել է սնանկանալու մասին: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Bloomberg-ի տեղեկություններով տեղի ունեցածի հետ կապված բիզնեսն արդեն իրենց վերահսկողության տակ են վերցրել ընկերության վարկատուները: Gibson-ի սնանկացման եւ վերակառուցման գործընթացի հետ կապված նրանցից ոմանք սեփականատեր կդառնան:
Ներկայումս ընկերության պարտքը կազմում է մոտ 500 մլն դոլար: Gibson-ի վերակառուցման ծրագրի շրջանակում բիզնեսին աջակցելու համար վարկատուները ընկերությանը մինչեւ 135 մլն դոլար նոր վարկ կտան: Սա, ինչպես կարծում են Gibson Brands Inc.-ում, թույլ կտա Gibson եւ Epiphone լեգենդար կիթառների, ինչպես նաեւ ստուդիական KRK մոնիտորների եւ Cerwin Vega ակուստիկ համակարգերի պատրաստումը, վաճառքը եւ արտադրությունն առանց ընդհատումների շարունակել:
Gibson-ը հիմնադրվել է 1890 թվականին: Այս ընկերության արտադրած կիթառներն օգտագործել են մեծ թվով հայտնի արտիստներ, այդ թվում՝ Էլվիս Փրեսլին, Բի Բի Քինգը եւ բրիտանական The Who ռոք խմբի ղեկավար Փիթ Թաունսենդը: Ներկայումս ընկերությունը երաժշտական գործիքներ է վաճառում աշխարհի 90 երկրում:
2014-ին Gibson Brands Inc.-ը, ինչպես հիշեցնում է Bloomberg-ը, «ձգտելով դառնալ երաժշտական կենսակերպի ընկերություն», Philips-ից գնել էր աուդիոստորաբաժանումը եւ էլեկտրոնիկայի սպառողական գիծը ճապոնական Onkyo-ից: Սակայն այս ձեռքբերումները սոսկ ընկերության պարտքի աճին եւ շահույթի անկմանն են հանգեցրել:



























