2009 թվականից սկսած Վերահսկիչ պալատը երբեք իր նախաձեռնությամբ Գլխավոր դատախազություն գործ չի ուղարկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց Յոլյանին. «Երբ ունենում եք քրեաիրավական կասկածներ եւ ուղարկում եք իրավապահ մարմիններին, որոնք կայացնում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կամ կարճում են գործի վարույթը որեւէ հիմքով, արդյոք դուք իրավունք ունե՞ք վիճարկելու այդ որոշումները կամ եթե ունեք՝ երբեւէ վիճարկե՞լ եք այդ որոշումները, թե՞ ոչ»:
Ի պատասխան Լեւոն Յոլյանն ասաց, որ 2009-ից սկսած Վերահսկիչ պալատը երբեք իր նախաձեռնությամբ Գլխավոր դատախազություն գործ չի ուղարկել:
«Հիմնականում եղել է ընթացիկ հաշվետվություն: Եղել է, որ դատախազությունն ուղել է ողջ հաշվետվությունը՝ ուսումնասիրելու համար: Այն արձանագրությունները, որոնք մենք ուղարկել ենք գլխավոր դատախազություն, հրապարակային են: Ճիշտն ասած իրավական դաշտում գործը կարճելուց հետո մեր քայլերը որոնք պետք է լինեն, պատրաստ չեմ պատասխանելու, բայց հարցն ինքնին կարեւոր է: Մեզ մոտ չկա իրավաբանների այնպիսի քանակ, որ տեսնեն դատախազության կողմից մերժումների հիմնավորումները: Պետք է այդ ուղղությամբ մտածել՝ հաստիքների ավելացման ուղղությումբ գուցե: Գուցե նաեւ հարցը օրենսդրական կարգավորման դաշտում է»:
Ավելի վաղ Լեւոն Յոլյանը հայտարարել էր, որ 2017 թվականի հաշվետվության արդյունքում արձանագրված նյութերից երեքում Վերահսկիչ պալատի խորհուրդը ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ, որոնք ուղարկել է գլխավոր դատախազություն:




























