ԱՄՆ վարչակազմը հայտարարել է կեցության ժամանակավոր ձեւի (Temporary Protected Status – TPS) գործողության դադարեցման մասին, որը տրամադրվել էր Հոնդուրասից 57 հազար փախստականների, որոնք ԱՄՆ-ում են բնակվում գրեթե 20 տարի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նախօրեին Ներքին անվտանգության նախարարությունը հստակեցրել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 18 ամիս հետո՝ 2020 թվականի հունվարի 5-ին: Պաշտոնյաների խոսքով՝ այս ժամանակն անհրաժեշտ է «անցումային շրջանի կազմակերպման» համար:

Հոնդուրասի իշխանություններն արդեն ափսոսանք են հայտնել ԱՄՆ վարչակազմի որոշման հետ կապված՝ հայտարարելով, որ իրենք նման քանակությամբ հայրենադարձների ընդունելու պատրաստ չեն:

Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պաշտոնական հայտարարությամբ շեշտել է, որ «տասնյակ հազարավոր ընտանիքների արտաքսումը կխորացնի Հոնդուրսաի խնդիրները, որը տառապում է քաղաքական անկայունությունից, պարենի պակասից եւ հանցավոր խմբավորումների դաժանությունից»:

ԱՄՆ իշխանությունները Հոնդուրասից փախստականների համար հատուկ կարգավիճակ էին սահմանել 1999 թվականին, երբ մեկ տարի առաջ «Միթչ» փոթորիկը այս երկրին ծանր վնաս էր հասցրել:

ԱՄՆ-ում օրինական կարգավիճակի չեղարկման մասին որոշումը նշանակում է, որ Միացյալ Նահանգներից պետք է հեռանան տարածաշրջանի մի քանի երկրներից ավելի քան 400 հազար փախստականներ:

Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը հաստատել է Սալվադորից, Հաիթիից, Նեպալից, Նիկարագուայից եւ Սուդանից փախստականներին պաշտոնական կարգավիճակից զրկելու մասին որոշումը: