ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը իրեն այդ պաշտոնում փոխարինած գեներալ-մայոր Արտակ Դավթյանին համարում է «գրագետ սպա, որին պետք է աջակցել»:
«Պետք է աջակցել, որ իր նոր և դժվարին պաշտոնում արագ կարողանա իր լիազորություններն իրականացնել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը։
Ինչ վերաբերում է իր նոր պաշտոնին (նա նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ), Մովսես Հակոբյանն ասաց. «Ես Գլխավոր շտաբի պաշտոնից ազատվելուց հետո նշանակված եմ կառավարությունում ռազմական գծով գլխավոր տեսուչ, որը զբաղվելու է Զինված ուժերով: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ հասկանալի է»:
Նա նշեց, որ նոր պաշտոնում իր պարտականությունը լինելու է Զինված ուժերում ռազմական պոտենցիալի և մարտունակության բարձրացումը:



























