«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է «RISE Management Trainee» ծրագիրը, որը միտված է տաղանդավոր շրջանավարտներին օգնելու սկսել իրենց աշխատանքային կարիերան, բացահայտել մասնագիտական ներուժն ու համալրել նոր սերնդի առաջնորդների շարքերը:

Lրիվ դրույքաչափով աշխատանք ապահովող այս երկամյա նախագիծը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում աստիճանաբար ծանոթանալ արագ սպառման ապրանքների շուկայում աշխատանքին, ստանալ վերապատրաստում ոլորտի լավագույն մասնագետներից, մասնակցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» իրականացրած կարեւոր ու ազդեցիկ ծրագրերին կամ ղեկավարել դրանք եւ շատ ավելին:

«Մշտապես փնտրում ենք տաղանդավոր շրջանավարտների, ովքեր հանդես են գալիս թարմ գաղափարներով եւ արագ զարգանալով՝ ձեւավորում ընկերության գործունեությունը: Մեր «RISE» նախագիծը մեծ մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդ մասնգետներին բացառիկ հնարավորություն է տալիս, նույնիսկ առանց աշխատանքային փորձի, վճարովի աշխատանքի անցնել,ներգրավվել ազդեցիկ ծրագրերում, կարճ ժամանակում զարգացնել առաջնորդի իրենց հմտություններն ու երկու տարվա ընթացքում փորձառու մասնագետ դառնալ», ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Ծրագրին կարող են դիմել աշխատանքային փորձ չունեցող կամ մինչեւ երկու տարի աշխատանքային փորձով, անգլերեն լեզվին վարժ տիրապետող, սովորելու հակում ունեցող եւ արտերկրում աշխատելուն պատրաստ  ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաեւ շրջանավարտներ եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերի մասնակիցներ:

Ցանկացողները կարող են մինչեւ հուլիսի 1-ը դիմել իրենց նախընտրած բաժին՝ առցանց հայտը լրացնելով կայքում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը՝ աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խ ոշորագույն ընկերություններից մեկի՝ հայտնի «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ընկերության մասնաճյուղը, Հայաստանում գործունեություն է ծավալում 1996 թվականից: Ընկերությունը Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» միակ լիազորված շշալցնողն է:

Ավելի քան 350 մասնագետից բաղկացած տաղանդավոր թիմն ուղղակիորեն ներգրավված է Ընկերության ամենօրյա գործունեությունում եւ ընկերության հաջողակ գործունեության գրավականն է:

Բիզնես գործունեությանը զուգահեռ հայ հասարակության պատասխանատու անդամ լինելով` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը նախաձեռնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Երիտասարդության զարգացումը, ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը եւ կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաեւ համայնքների զարգացումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից են: