Երեւանի պետհամալսարանի ղեկավարությունը դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին եւ միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե քաղաքական ճնշման ճնշման զոհ են դարձել։

«Երեւանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի եւ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք եւ պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետեւանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի եւ վտանգավոր։

Լինելով միջազգային բուհական համայնքի անդամ, պատշաճ կատարելով ստանձնած պարտավորությունները եւ համարելով, որ կոպտորեն խախտվում է բուհական ինքնավարության սկզբունքը, ակնկալում ենք Ձեր արագ եւ գործուն աջակցությունը՝ Երեւանի պետական համալսարանը քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։