Հունգարիայի իշխանությունները օրինագիծ են պատրաստել այն անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, որոնք օգնում են ապաստան հայցող ապօրինի միգրանտներին, փոխանցում է BBC-ն: 

Եթե այն ներկայիս տեսքով ընդունվի, փախստականների համար թռուցիկների տպագրությունը, նրանց սնունդ կամ իրավական օգնություն առաջարկելը հանցագործություն կհամարվի:

Հունգարիայի իշխանությունները պատրաստվում են նաեւ փոփոխել երկրի սահմանադրությունը, որպեսզի Եվրամիության մյուս երկրները ապաստան հայցողներին Հունգարիա չուղարկեն:

Հունգարական Magyar Hirlap պարբերականը նշում է, որ մի քանի օրից մինչեւ մեկ տարվա բանտարկության ժամկետ է սպասվում նրանց, ովքեր կտեղափոխեն միգրանտներին, նրանց կօգնեն ապաստան ստանալու հարցում, եւ նրանց, ովքեր ֆինանսավորում են ապօրինի ներգաղթը:

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվել է մասնակցել Եվրամիությունում փախստականների վերաբնակեցման ծրագրին: Նա հայտնի եվրահոռետես է, որը հանդես է գալիս ԵՄ-ում հետագա ինտեգրացիայի դեմ: