Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան Բեռլինում իր գերմանացի գործընկեր Հորսթ Զեյեհոֆերին պատմել է Եվրամիության երկրներում Վրաստանից ապաստան հայցողների թիվը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Եվրամիությունը չեղարկել էր վիզաները Վրաստանի համար 2017 թվականի մարտին: Ըստ վերջին տվյալների՝ առանց վիզաների ռեժիմից օգտվել է երկրի ավելի քան 192 հազար քաղաքացի: Ընդ որում, 2017 թվականին Վրաստանից Եվրոպայում ապաստան հայցողների թիվը ավելացել է 35 տոկոսով, ինչը մտահոգություն է առաջացրել որոշ եվրոպական երկրների մոտ:
Հանդիպման ընթացքում Հորսթ Զեյեհոֆերը հաստատել է, որ վրացական իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը՝ Վրաստանից ապաստան հայցողների թիվը կրճատելու համար: Նա նաեւ պատմել է այդ ուղղությամբ նախատեսված եւ արդեն կատարված քայլերի մասին:
«Կողմերը ընդգծել են Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ արդյունավետ համագործակցության կարեւորությունն անօրինական կերպով Գերմանիայում գտնվող անձանց նկատմամբ ռեադմիսիայի հարցում, ինչն արտահայտվում է Վրաստանի կողմից Գերմանիայի պահանջների գրեթե 100 տոկոսով կատարման մեջ»,- նշվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերմանիայի միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ 2017 թվականին Գերմանիայում ապաստան ստանալու համար դիմել է Վրաստանի 3 462 քաղաքացի: Գերմանիայի իշխանությունները բավարարել են այս դիմումների միայն փոքր մասը:




























