ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը քննադատել է Հարավ-չինական ծովի վիճելի կղզիներում ռազմական ներկայությունն ուժեղացնելու Չինաստանի գործողությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Մեթիսի կարծիքով, վերջերս Չինաստանի կողմից սպառազինության համալիրների տեղակայումը վիճելի շրջաններում նպատակ ունի վախեցնել հարեւան երկրներին։

Մեթիսը հիշեցրել է Չինաստանի կողմից հականավային եւ հակահրթիռային համալիրների, ինչպես նաեւ ռադիոխաթարման կայանի տեղակայումը եւ առաջին ծանր ռմբակոծիչի վայրէջքը Պարասելյան կղզիներում՝ Վիետնամի ափերի մոտ։

Չինաստանը հավակնում է Հարավ-չինական ծովի գրեթե ամբողջ տարածքին, չնայած տարածաշրջանի այլ երկրների՝ Վիետնամի, Ֆիլիպինների, Բրունեյի, Մալայզիայի եւ Թայվանի տարածքային հավակնություններին։

Ի պատասխան Հարավ-չինական ծովում Չինաստանի գործողություններին՝ ԱՄՆ-ն անցած շաբաթ չեղարկել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների զորավարժություններին (RIMPAC) մասնակցելու Չինաստանին ուղարկված հրավերը։

Շաբաթ օրը Մեթիսը հրավերի հետկանչը անվանել է Չինաստանի գործողությունների «նախնական պատասխանը», սակայն չի հստակեցրել, թե ինչպիսին կլինեն հաջորդ քայլերը։