Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու հարցը ամենայն հավանականությամբ կքննվի Վճռաբեկ դատարանում` դատական նիստի ժամանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, քաղբանտարկյալների հարցերով զբաղվող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը:
«Սամվել Բաբայանի խափանման միջոցի հարցը կքննվի Վճռաբեկ դատարանում, սակայն դեռ նիստի օրը հայտնի չէ: Այդ պատճառով վաղը մենք նորից բողոքի ակցիա կանցկացնենք Վճռաբեկ դատարանի դիմաց եւ կպահանջենք, որ հնարավորինս շուտ նշանակվի նիստի օրը»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը եւ պահանջվում է կայացնել արդարացման որոշում։ Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թեւանյանը հայտնել է, թե Վճռաբեկ դատարանը կոպիտ միջամտություն է կատարել դատապրոցեսին եւ ընթացք չեն տալիս ազատ արձակելու միջնորդությանը։
Նշենք, որ որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Հովիկ Աղազարյանի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:
Սամվել Բաբայանին ազատ չարձակեցին, թեեւ աջակիցները սպասում էին ՔԿՀ դիմաց
ԱԺ «Ելք» խմբակցության 2 պատգամավորներ միջնորդել են, որ փոխվի Սամվել Բաբայանի խափանման միջոցը (վիդեո)





























