Ալբերտ Էյնշթեյնի (1879-1955) հրապարակված աշխատանքների, այդ թվում՝ հարաբերականության ընդհանուր տեսության, 2 սեւագրերը Բոստոնի RR Auctions-ում աճուրդի են դրվել 193,5 հազար դոլարով:

Դրանցից մեկը՝ երկու էջանոց ձեռագիրը, որը հաստատում է 1921 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկրի տեսությունը, նախապես գնահատվել է 173 հազար դոլար: Սա «Էյնշթեյնի ամենատպավորիչ ձեռագիր նյութն է, որպիսին երբեւէ առաջարկել ենք», բրիտանական Daily Express պարբերականին ասել է RR Auctions-ի գործադիր փոխնախագահ Ռոբերտ Լիվինգսթոնը:

Լեգենդար տեսաբան ֆիզիկոսի հետ կապված մասունքները հավաքորդների շրջանում մեծ պահանջարկ ունեն: Նախկինում Նյու Յորքում անգլիական Bonhams աճուրդի տանը 420 հազար դոլարով վաճառվել է նրա ջութակը, որը երեք անգամ գերազանցել է նախնական գինը: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը երաժշտական գործիքը նվագել է 6 տարեկանում, հետագա տարիներին «երաժշտությունը նրան օգնել» է տեսական մտորումները անելիս:

1930-ական թվականների սկզբին նացիստական Գերմանիայից փախած գիտնականի ԱՄՆ գալուն պես Էյնշթեյնի համար ջութակը պատրաստել էր կարմրափայտագործ եւ Փենսիլվանիայի Սիմֆոնիկ նվագախմբի անդամ Օսկար Սթեջերը: Պատյանի ներսում հիշատակի գրառում է արված՝ «1933 թվականի փետրվարին պատրաստվել է ականավոր գիտնական պրոֆեսոր Ալբերտ Էյնշթեյնի համար Օսկար Սթեջերի կողմից»:

Ավելի ուշ ֆիզիկոսը երաժշտական գործիքը նվիրել էր Ուիլյամ Հիբսին՝ Փրինսթոնի համալսարանի դռնապանի որդուն, որտեղ Էյնշթեյնը հետազոտություններով է զբաղվել: