ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է բանակցություններ սկսի Կանադայի եւ Մեքսիկայի հետ` նպատակ ունենալով այս երկու երկրների հետ առանձին առեւտրային համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Կուդլոուն։

«Նա լրջորեն դիտարկում է Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի (NAFTA) շուրջ բանակցություններում տեղաշարժի հարցը։ Նա հակված է Մեքսիկայի եւ Կանադայի հետ առանձին բանակցություններին»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան մի քանի ամիս է բանակցություններ են վարում NAFTA-ի վերանայման շուրջ, որը Թրամփի կարծիքով, վնաս է հասցրել Միացյալ Նահանգների տնտեսական շահերին։ Նախորդ շաբաթվա վերջին Թրամփը նշել էր, որ կնախընտրեր հրաժարվել NAFTA-ից՝ ի օգուտ Մեքսիկայի եւ Կանադայի հետ առանձին երկկողմ համաձայնագրերի։

«Կանադան տարբերվում է Մեքսիկայից։ Նրանք տարբեր խնդիրներ ունեն։ Նա (Թրամփը) կարծում է, որ երկկողմ հարաբերությունները միշտ ավելի լավ են եղել։ Նա ատում է այդ բազմակողմ, խոշոր համաձայնագրերը»,-հայտնել է Կուդլոուն։