Չնայած ԱՄՆ-ի հետ լուրջ տարաձայնություններին, Գերմանիայի կառավարությունը ձգտում է պահպանել առաջատար արդյունաբերական գերտերությունների G7 հանդիպումների ձեւաչափը։ Երբ գործընկերների կարծիքները մի շարք հարցերում տարբերվում են, ավելի կարեւոր է երկխոսություն վարել բանակցությունների հաստատված ձեւաչափով։ Այս մասին dpa գործակալությանը հայտնել է Գերմանիայի կառավարության անանուն ներկայացուցիչը։
«Ընդ որում, Քվեբեքում G7-ի գագաթնաժողովի մեկնարկին մի քանի օր է մնացել, բայց դեռեւս պատրաստ չէ համատեղ կոմյունիկեի տեքստը, որի շուրջ աշխատում են 7 երկրների ղեկավարների եւ կառավարության գլուխների շերպաները»,- խոստովանել է Բեռլինի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, Գերմանիան Կանադայում կայանալիք բանակցություններին հետ չի կանգնի իր տեսակետից, փոխանցում է DW-ն։
ԱՄՆ կառավարության համար կարեւոր է, որ «Մեծ յոթնյակը» համաշխարհային տնտեսության կենտրոնական հարցերի շուրջ հանդես գա միասնական դիրքորոշմամբ։ Բեռլինը կարծում է, որ դժվարին բանակցություններ են սպասվում, բայց ենթադրում է, որ եվրոպական պետությունները կարող են պաշտպանել իրենց դիրքորոշումը հանդիպման հիմնական թեմաներում։
Հունիսի 8-9-ը Կանադայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին կքննարկվեն ազատ առեւտրի խնդիրները եւ միջազգային ասպարեզում G-7 երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ կլիմայի պահպանման միջոցները: Բացի դրանից, սպասվում է, որ քննարկվելու են միջազգային քաղաքականության եւ անվտանգության մի շարք այլ թեմաներ, ներառյալ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը:





























