Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 32-րդ դատարանում տեղի է ունեցել «ահաբեկչական կառույցի գովերգման» մեջ մեղադրվող 22 ուսանողների գործով հերթական դատական նիստը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ մեղադրյալները կրկին պնդել են, որ իրենց բողոքը եղել է պատերազմի ու արյունահեղության դեմ, ոչ թե կոնկրետ կառույցի գովերգմանը։

Նիստի վերջում դատարանը ազատ է արձակել կալանքի տակ գտնվող 22  ուսանողներին եւ հետաձգել դատական նիստը։

Նշենք, որ Բողազիչի համալսարանում մի խումբ ազգայնական թեւին հարող ուսանողներ Աֆրինի գործողության ժամանակ որպես «աչքալուսանք» մյուս ուսանողներին լոխում են հյուրասիրել, ինչը դուր չի եկել ձախակողմյան հայացքներով մեկ այլ խումբ ուսանողների։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի որի ընթացքում ձախակողմյան հայացքներով ուսանողները ձերբակալվել էին «ահաբեկչական կառույցի գովերգման» մեղադրանքով։