Չինաստանի իշխանությունները վերջին 3 տարում «Երկնային ցանց» (Sky Net) հատուկ հակակոռուպցիոն արշավի շրջանակում աշխարհի 90 երկրներում ձերբակալել եւ հայրենիք է վերադարձրել ավելի քան 4 հազար փախուստի մեջ գտնվող հանցագործների, նշված Չինաստանի Կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս տարվա ապրիլի վերջի տվյալներով՝ ընդհանուր հայրենիք են վերադարձրել 4141 հանցագործի, այդ թվում՝ 825 նախկին պետական ծառայողների եւ Չինաստանի իշխանությունների կողմից ամենաորոնվող փախուստի դիմած 100 հանցագործների ցուցակից 52 մարդու, որոնց նկատմամբ տրված էր Ինտերպոլի «կարմիր իրազեկում»: Դրանից զատ, Պեկինին հաջողվել է ապօրինի դուրս բերված դրամական միջոցներից վերադարձնել գրեթե 10 մլրդ յուան (մոտ 1,58 մլրդ դոլար):
2015 թվականի ապրիլին Չինաստանը գործարկել է արտասահման փախած կոռումպացված պաշտոնյաների եւ Չինաստանի ԿԿ անդամների ձերբակալման արշավը՝ «Երկնային ցանց» անվանմամբ: Չինաստանի իշխանությունները Ինտերպոլին են փոխանցել 100 ամենաորոնվող փախուստի դիմած հանցագոծների ցուցակը, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ:
Այս տարվա ապրիլին Չինաստանի իշխանությունները սկսել են փախած կոռուպցիոներներին բռնելու եւ նրանց ակտիվները Չինաստան վերադարձնելու նոր՝ «Երկնային ցանց-2018» գործողությունը:





























