ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցում նրան հիշեցրել է 1814 թվականին Սպիտակ տան հրդեհման մասին, հայտնում է CBC-ն:

Զրույցը, որը նվիրված էր ԱՄՆ կողմից Կանադայի նկատմամբ պողպատի եւ ալյումինի մաքսատուրքի սահմանմանը, տեղի է ունեցել մայիսի 25-ին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրյուդոն կասկածի է ենթարկել ԱՄՆ առաջնորդի պնդումները, որ նոր սակագները պայմանավորված են ազգային անվտանգությամբ:

«Տղաներ, մի՞թե դուք չեք այրել Սպիտակ տունը»,- ի պատասխան հարցրել է Թրամփը:

1814 թվականին անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ բրիտանական զորքերն այրել են Սպիտակ տունը: Կանադայի ժամանակակից տարածքն այն ժամանակ բրիտանական գաղութ էր, որի բնակիչները հանդես էին գալիս թագավորության կողմում:

Հունիսի 1-ից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն Մեքսիկայից, Կանադայից եւ Եվրամիությունից մի շարք մետաղների ներմուծման նոր մաքսատուրքերը՝ պողպատե արտադրանքի համար 25 տոկոս, ալյումինի՝ 10 տոկոս: Թրամփը մյուս երկրներին մեղադրել է, որ չափազանց երկար են օգտվել ԱՄՆ-ից, որն արդյունքում կորցրել է իր արդյունաբերության եւ աշխատատեղերի զգալի մասը

Այժմ նաեւ բանակցություններ են ընթանում Կանադայի եւ Մեքսիկայի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի փոփոխման շուրջ: