Բրազիլիայում նորածինը, ում սխալմամբ մաացած են համարել, 8 ժամ հողի տակ անցկացնելուց հետո ողջ է մնացել, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:

Երեխան հայտնաբերվել է երկու ոստիկանի կողմից. Նրանք գետնի տակից հեկեկոց հիշեցնող ձայներ են լսել եւ սկսել են փորել: Մոտ 50 սանտիմետր խորության վրա նրանք տեսել են փոքրիկ աղջկա մարմինը:

Ոստիկանները ենթադրել են, որ երեխայի բոլոր ոսկորները կոտրված են եւ անմիջապես հասցրել են նրան հիվանդանոց: Բժիշկները երեխային տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ հավաստիացրել, որ այժմ նրա վիճակը կայուն է: Ոստիկանության տվյալներով, որն արդեն հետաքննություն է նախաձեռնել՝ աղջկա մայրը 15-ամյա հնդկական ծագման մի բրազիլացի աղջիկ է:

Նա պատմել է, որ երկունքի ցավերն իր մոտ սկսվել են լոգարանում, եւ երեխան գլխի վրա վայր է ընկել: Ծնունդից հետո երեխան լաց չի եղել, ուստի 57-ամյա տատիկը կարծել է, որ երեխան մահացել է: Կինը խորհուրդ է տվել աղջկան հետեւել ավանդույթներին եւ թաղել երեխային կտորի մեջ փաթաթած: Ոստիկանապետը խոստովանել է, որ միջադեպը հրաշք է համարում: