Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ակտիվիստ Արփինե Գալֆայանը ՄԱԿ–ի երեւանյան գրասենյակում Շրջակա միջավայրի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանում Շվեդիայի դեսպան Մարտինա Քուիկին խնդրագիր է փոխանցել կապված Ամուլսարում ոսկու հանքի շահագործման գործում Շվեդիայի կառավարության մասնակցության հետ։
Միջոցառման ավարտին Արփինե Գալֆայանը մոտեցել է բարձրախոսին՝ ներողություն խնդրելով չպլանավորված ելույթի համար։ Նա հիշեցրել է, որ Շվեդիայի կառավարությունը ոչ ուղղակիորեն ֆինանսավորվել է Ամուլսարի ոսկու հանքավայրին շահագործման ծրագրին։
Ակտիվիստի խոսքով, 8000 ստորագրությամբ խնդրագիրն ուղղված է եղել Շվեդիայի այն կազմակերպություններին, որոնք հավանություն են տվել հանքավայրի օգտագործմանը, սակայն այն անպատասխան է մնացել։
«Մենք պահանջում ենք ստորեւ բերված պետական մարմիններին ու սարքաշինական ընկերություններին հաղորդել, որ նրանց մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործմանը հանցագործություն է Հայաստանի բնակչության ու բնության, ինչպես նաեւ այս տարածաշրջանի էկոհամակարգերի նկատմամբ»,–ասել է նա եւ խնդրագիրը ներկայացրել է դեսպանին։
Արփինե Գալֆայանը նշել է, որ շվեդական կողմը 50 մլն դոլարի երաշխավորական վարկ է տրամադրել Ամուլսարի շահագործման սարքավորումներ գնելու համար։
Միջոցառման մասնակից բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը նշել է, որ խնդիրներ Ամուլսարում կան, եւ նոր կառավարությունը մտադիր է լուծել այդ խնդիրները՝ գնահատելով եւ կանխելով ռիսկերը։
«Այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի դադարեցվի երկաթի հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրումը, մինչեւ չգնահատենք իրավիճակը եւ չհասկանանք ինչ խնդիրներ կան։ Կա տրամադրությունների փոփոխություն, կա քաղաքական կամք, եւ մենք ձեր աջակցության կարիքն ունենք»,–ասել է նա՝ խոսքն ուղղելով ՀԿ ներկայացուցչին։
Շվեդիայի դեսպանը նշել է, որ բոլորովին վերջերս Բնապահպանության նախարարությունում շվեդական կողմի մասնակցությամբ քննարկում է կայացել, նշվել է, որ այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում, իրականացվում է տեսչական աշխատանք. «Մենք սպասում ենք տեսչության արդյունքներին»,–ասել է նա։





























