Թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, բայց հարցն այն է, թե որքան պետք է բարձրանան: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հնարավոր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը:

Նրա խոսքով, նման քայլի գնալուց առաջ պետք է տեսանելի լինի, թե ինչպիսի եկամուտներ են ապահովվելու. «Եթե քո տեսադաշտում եկամուտների ապահովման հնարավորություն չկա, խիստ վտանգավոր է պարտավորություն վերցնել՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու: Այո, մենք միշտ ասել ենք, որ նվազագույն աշխատավարձերը եւ թոշակները ժամանակի ընթացքում պետք է բարձրանան, բայց որքա՞ն: Չի կարող լինի տնտեսական աճ, եւ դրանից չօգտվեն աշխատողները, թոշակառուները: Թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, բայց հարցն այն է, թե որքան պետք է բարձրանան: Մեկ անգամ բարձրացումը նշանակում է, որ հետագայում պետք է դրա հետ ապրես, դա մեկ անգամյա բարձրացում չէ, տարիների բարձրացում է»,-ընդգծեց Արամյանը: