Համատիրությունների վերացումը սխալ է, անհրաժեշտ է, որ նրանք գործեն։ Այս մասին հունիսի 13-ին՝ լրագրողների հետ զրույցում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» նոր օրենքի նախագծի հասարակական քննարկումների շրջանակներում նշել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։  

Նա խոստովանել է, որ համատիրությունների մեծ մասը չի զբաղվում իր պարտականություններով, միայն բնակելի շենքերի բնակիչներից գումարներն է հավաքում, անհասկանալի է՝ ինչ ծառայությունների համար են բնակիչներն նրանց վճարում․ «Համատիրությունները պետք է պատասխանատվություն կրեն չկատարված պարտականությունների համար, ինչը ես չեմ հիշում դրանց գոյության ամբողջ պատմության ընթացքում»,-նշել է Կարեն Չիլինգարյանը։ Նրա կարծիքով, նրանց ծառայությունների համար վճարումները պետք է իրականացվեն այն նույն ձեւով, ինչ մյուս կոմունալ ծառայությունների համար՝ բանկի կամ փոստի միջոցով։