Ոչ ոք չպետք է իրեն անվտանգ զգա. աա է ահաբեկիչների ուղերձը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ի իր համարում գրել է գերմանական Die Welt պարբերականը, որը արտատպել է նաեւ InoPressa պորտալը:
«Նրանց մեթոդները՝ վախ սերմանել մարդկանց սրտերում, հասարակ մարդկանց կյանքը վերածելով վախի ու անվստահության ասպարեզի, խաթարել բնականոն կյանքը»,- գրել է Միխայել Շտյուրմերը:
Լրագրողի կարծիքով, ահաբեկիչները հոգեբանական պատերազմ են մղում եւ այդ առումով, «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ահաբեկչությունը բացառություն չէր:
«Վերջին ահաբեկչությունն ուղղված էր ոչ միայն մարդկանց սրտերին ու հոգիներին, այլ նաեւ երկրի միասնության եւ էֆեկտիվության խաթարմանը»,- ասել է Շտյուրմերն ու շարունակել. «Ո՞վ է կանգնած այս ահաբեկչության թիկունքում: Մոսկվայում ռեֆլեքսորեն խոսեցին կովկասյան հետքի մասին, հատկապես, որ կովկասցիներից վրեժ լուծողների պակաս Ռուսաստանում չկա: Այստեղ չի օգնի ոչ ոստիկանությունը, ոչ էլ հատուկ ծառայությունները»:
Ինչպես հաղորդում է InoСМИ-ն՝ հղում անելով ամերիկյան The National Interest պարբերականին, «Դոմոդեդովոյի» ահաբեկչական պայթյունը տեղի է ունեցել հայտնի սցենարով, երբ ահաբեկիչներն ընտրում են ամենախոցելի թիրախները: Նրանք, ովքեր ծրագրել են այս ահաբեկչությունը, ըստ թերթի, ընտրել են Ռուսաստանի ամենամարդաշատ միջազգային օդանավակայանը:
«Դա խոսում է այն մասին, որ ավանդական նպատակների կողքին՝ վախեցնել ռուս ժողովրդին եւ ստիպել մեղադրել սեփական իշխանություններին ու անվտանգության ծառայություններին անբավարար պաշտպանության մեջ, հայտնվել է եւս մեկ նպատակ՝ ահազանգել օտարերկրացիներին, որ Ռուսաստան այցելելը վտանգավոր է: Ահաբեկիչները կարող էին լիովին օգուտ քաղել ՖԻՖԱ-ի որոշումից՝ աշխարհի 2018թ. առաջնությունն անցկացնել Ռուսաստանում, նաեւ 2014թ. օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելու փաստից»,- հավելում է պարբերականը:
Միեւնույն ժամանակ թերթը նշում է, որ «Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը կարող է հանգեցնել ազգամիջյան լարվածության Ռուսաստանում:
«Հակակովկասյան տրամադրությունները, որոնք դրսեւորվեցին անցած ամիս Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած անկարգություններով, կարող են ուժգնանալ: Իսկ Հյուսիսային Կովկասում բնակվող ռուսները կարող են ոչ հարմարավետ զգալ իրենց: Մոսկվան բոլոր հիմքերն ունի նման սցենարը կանխելու համար: Կարո՞ղ է դա անել, դա արդեն այլ հարց է»,- կարծում է թերթը:
Ահաբեկչությունը խորհրդանշական է համարում բրիտանական Guardian թերթը: Վլադիմիր Պուտինի օրոք «Դոմոդեդովոն» դարձել է ժամանակակից Ռուսաստանի խորհրդանիշ՝ արդիական, մարդաշատ օդանավակայան: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ այն հարձակման թիրախ դարձավ:



























