Եվրոպական Միությունը Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում Հունաստանին որպես հինգերորդ եւ վերջնական տրանշ 15 մլրդ եվրո կտրամադրի: Այս մասին Եվրախմբի մամուլի ասուլիսին հայտարարել է կառույցի նախագահ Մարիո Սենտենոն, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
«Հունաստանը ֆինանսական օգնության ծրագիրը լքում է ավելի ուժեղ տնտեսությամբ, որը կառուցվում է տարվող հարկաբյուջետային եւ կառուցվածքային բարեփոխումների հիման վրա: Կարեւոր է շարունակել այս բարեփոխումները, որոնք որպես հիմք կծառայեն բարձր զբաղվածությամբ եւ աշխատատեղերի ստեղծման տեմպերով կայուն աճի ապահովման համար, ինչը Հունաստանի բարգավաճ ապագայի լավագույն երաշխիքն է»,- նշվում է Եվրախմբի մամուլի հաղորդագրության մեջ:
Բալկանյան երկրին խոստացված 15 միլիարդ եվրոյից 5,5 միլիարդ եվրոն կտրամադրվի առանձին հաշվին, որը կօգտագործվի հունական պարտքի սպասարկման համար, իսկ մնացած 9.5 միլիարդ եվրոն կուղղվի «դրամական բարձի» ձեւավորմանը: «Ընդհանուր առմամբ, Հունաստանը ծրագրից դուրս կգա 24.1 միլիարդ եվրոյի չափով բավարար դրամական բուֆերով, որը կապահովի ինքնիշխան ֆինանսական կարիքները 2018 թվականի օգոստոսին ծրագրի ավարտից հետո 22 ամսվա ընթացքում, ինչն իրենից զգալի ապահովագրություն է ներկայացնում ցանկացած ռիսկի դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:





























