Արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի (ՕՊԵԿ+) մասնակից երկրների նախարարական վերահսկողության կոմիտեն հինգշաբթի շուրջ 4 ժամ շարունակված նիստի արդյունքում վիեննական գործարքի մասնակիցներին օրական մինչեւ 1 միլիոն բարել նավթի արդյունահանման ավելացման մասին հանձնարարական է տվել, փոխանցում է ՓՐԱՅՄ–ը։

«ՕՊԵԿ–ի եւ ոչ ՕՊԵԿ–ի հանձնարակականը՝ դիտարկել օրական մինչեւ 1 մլն բարել արդյունահանման ավելացման հարցը»,–հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ առաջինը դուրս գալով ՕՊԵԿ–ի շտաբ կայանից։ Նրանից հետո դուրս է եկել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ Ալ Ֆալիհը, որը լրագրողների հետ զրույցում հաստատել է համապատասխան հանձնարարականը։ Սակայն, նրա փոխանցմամբ, նավթի արդյունահանման ավելացումն անվանական է, իսկ իրական ծավալներն այլ կլինեն։

Իրաքի նավթի նախարար Ջաբար Ալ Լաիբին նշել է, որ նավթի արդյունահանման իրական աճը կլինի օրական մեկ մլն բարելից պակաս։

Իրաքյան նախարարի խոսքով՝ չնայած նրան, որ կոմիտեի հանձնարարականը սատարել են հանդիպման մասնակիցների մեծամասնությունը, մի քանի երկրների դիրոքորոշումը տարբերվել է։ Այսպես, Իրաքն առաջարկել է հետաձգել նավթի արդյունահանման ավելացումը մինչեւ սեպտեմբեր, սակայն այդ առաջարկը չի ընդունվել։        

Ընդ որում, Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ընդհանրապես լքել է նիստը դրա մեկնարկից մեկ ժամ անց։ Նախարարը հայտարարել է, որ նիստն արարողակարգային բնույթ  է կրել։

Մինչ նիստն Իրանն ակտիվորեն հանդես էր գալիս նավթի արդյունահանման ավելացման մասին հայտարարությունների դեմ վիեննական համաձայնագրի մեղմացման շրջանակում։ Իրանի այսպիսի դիրքորոշումը կապված է այս երկրի պարագայում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով նավթի արդյունահանման ավելացման հնարավորության բացակայությամբ։