Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետ:

«Ռուսաստանի հայերի միությունը ցնցված Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի մասին լուրից, որը տարբեր ազգությունների եւ կրոնների պատկանող բազմաթիվ մարդկանց կյանք խլեց:

Հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները զոհերի հարազատներին ու մտերիմներին, նաեւ աջակցում ենք այդ բարբարոսական ակցիայի հետեւանքով վիրավորվածներին:

Ռուսաստանի հայերի միությունը, ինչպես նաեւ բազմազգ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության այլ կառույցները ակտիվորեն ներգարվվել են տուժածներին օգնություն ցուցաբերելու գործին: Մենք կիսում ենք երկրի ղեկավարության գնահատականները, որ տեղի ունեցածը եւս մեկ գրոհ էր ռուս ժողովրդի միասնության դեմ եւ մեր պետության փլուզմանն ուղղված քայլ:

Հունվարի 24-ի դեպքերը ցույց տվեցին որ անթույլատրելի է թերագնահատել մեր հասարակությանն ուղղված սպառնալիքները եւ մարտահրավերները, անկախ նրանից, թե որ կողմից են դրանք գալիս:

Եկել է ժամանակը, որ բարձրանա պատասխանատվության աստիճանը երկրի պետական կառավարման բոլոր օղակներում»: