Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժոունի ինքնավար շրջանում հորդառատ անձրեւների պատճառով ավելի քան 124 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում, շուրջ 1.9 հազար մարդ էլ տարհանվել է, հայտնում է China Daily–ն։ Նախորդ շաբաթից ի վեր տեղացող հորդառատ անձրեւները հեղեղումների ու սողանքների են հանգեցրել։ Կիրակի օրը Լինյուանի շրջանում 6 մարդ թաղվել է սեփական տներում սողանքների պատճառով։
Պարբերականի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվա դրությամբ՝ 24 շրջաններում արձանագրվել են հեղեղումներ, իսկ աղետի գոտում են հայտնվել ավելի քան 124 հազար մարդ, 1871 մարդ էլ տարհանվել է։
Անմիջական պատճառված տնտեսական վնասը գնահատվում է 90 մլն յուան (շուրջ 13.77 մլն դոլար)։
Կիրակիր օրը Չինաստանի պետական օդերեւութաբանական վարչությունը վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել հորդառատ անձրեւների պատճառով երկրի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Շանդուն, Հենան, Շանսի, Սիչուան, Գուանդուն եւ Հեյլունցզյան նահանգներում։





























