Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չորեքշաբթի առավոտյան հաստատել է նոր կոալիցիոն կառավարության կազմը՝ վարչապետ եւ միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ: Կառավարության կազմում ընդգրկվել է 10 նախարար Բաբիշի ղեկավածար ANO շարժումից եւ 4 նախարար՝ սոցիալ-դեմոկրատներից, ընդ որում, սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Յան Գամաչեկը ժամանակավորապես համատեղում է ՆԳՆ-ի ղեկավարի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոր իշխող կոալիցիան խորհրդարանում ունի 93 (200-ից) մանդատ եւ իր քաղաքականությունն իրականացնելու համար ստիպված կլինի ապավինել կոմունիստական կուսակցության 15 պատգամավորների աջակցությանը: Այս կապակցությամբ Բաբիշի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվում աջական կուսակցությունների կողմից, ըստ որոնց՝ 1989 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո կոմունիստներն առաջին անգամ, թեկուզ անուղղակի, սակայն կրկին երկրի իշխանություն մտնելու հնարավորություն են ստացել:



























