Հնդկաստանում տղամարդն ամուսնությունից անմիջապես հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ պարզաբանելով, որ իր կնոջ մոտ մորուք է աճում, ավելին, կինը խոսում է «տղամարդկային ձայնով», հաղորդում է Times of India–ն։ Ռուպեշը դատարանում հայտարարել է, որ կնոջ դեմքը չի տեսել ոչ մինչ ամուսնությունը, ոչ արարողության ժամանակ (նրա դեմքը դուպատտայով՝ երկար հնդկական շարֆով է ծածկված եղել)։ Հարսնացուի հարազատները Ռուպեշին թույլ չեն տվել նրան տեսնել։

«Երբ ես առաջին անգամ Ռուպային տեսա, նա դիմահարդարված էր։ Նրա հետ մեկ շաբաթ անցկացնելով՝ ես քաղաք եմ գնացել աշխատանքի։ Երբ վերադարձա, նկատեցի, որ նա մորուք ունի, եւ հասկացա նաեւ, որ ձայնը տղամարդու ձայնի է նման»,–բացատրել է Ռուպեշը։

Երբ նա հայտնել է կնոջ հարազատներին, նրանք բացատրել են, որ վերջինս ընտրություն չունի, եւ  պետք է ապրի կնոջ հետ։ Արդյունքում գործը հասել է դատարան։

Լսելով կողմերին՝ դատարանը մերժել է հայցը՝ հայտարարելով, որ այդպիսի պայմաններում ամուսնալուծություն չի կարող տեղի ունենալ։