Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դաշնամուր նվագել սովորելու վեց ամիսը զգալիորեն բարելավում է լեզվական ունակությունները, հաղորդում է My Planet-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: Ընդ որում, պարզվել է, որ երաժշտական ուսուցումն ավելի արդյունավետ է, քան ընթերցանությունը, որն ավանդաբար լեզվի զարգացման լավագույն ձեւն է համարվում: Ուսումնասիրության համար չինարեն խոսող 74 երեխաներին երեք խմբի են բաժանել: Մի խումբ զբաղվել է դաշնամուրով, երկրորդը՝ ընթերցանությամբ, իսկ երրորդը վերահսկիչ խումբն էր:

Արդեն մեկ ամսվա ընթացքում «երաժշտական» խումբը գերազանցել է մյուսներին բաղաձայն հնչյունների հետ աշխատանքում, երկու թիմերն էլ վերահսկիչից ավելի լավ էին ձայնավորների մասով: Սակայն բոլոր երեք խմբերն էլ հավասարապես են զարգացել  IQ-ի՝ հիշողության եւ ուշադրության ստանդարտ պարամետրերով: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ երաժշտական կրթությունը վաղ տարիքում բարելավում է բառերի եւ տոների միջեւ տարբերությունը: Վերջինս հատկապես կարեւոր է չինարեն լեզվում: