Ավստրալիայի Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման մասնագետ, դոկտոր Բրայան Լեսարդը հայտնել է. «Իրականում մենք ոչինչ չգիտենք աշխարհում կենդանիների եւ բույսերի 75 տոկոսի մասին: Միայն մեր կազմակերպությունում 15 միլիոն տարբեր տեսակներ են պահվում, եւ դրանց մեծ մասը դեռ ուսումնասիրված եւ նկարագրված չէ»: Իսկապես, այժմ հրապարակված տեսակներից շատերը հայտնաբերվել են տասնյակ տարիներ առաջ, սակայն մասնագետները միայն հիմա են կարողացել զբաղվել դրանցով, հայտնում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով ABC-ն:

Նոր տեսակների շարքում են մակադամիայում բնակվող երկարաքթերը, կատվային շնաձուկը, մացառուտային մարգարտածաղիկը: Ավստրալիայում, ընդհանուր առմամբ, բույսերի եւ կենդանիների 500 հազար տեսակ կա, այդ թվում՝ 800 թռչյունների եւ 5000 ձկների տեսակներ: Ավստրալական տեսակների 75 տոկոսն այս մայրցամաքից բացի որեւէ այլ տեղ չի հանդիպում: