Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային հարաբերությունները նշանակալի ներդրում ունեն ռազմավարական գործընկերության զարգացման գործում եւ նպաստում են երկկողմ համագործակցության ներուժի ընդլայնմանը: Այս մասին հունիսի 29-ին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ հավասարակշռված տարածաշրջանային զարգացումը, տարածաշրջանային անհավասարության վերացումը եւ ռուսական կողմի հետ ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցությունը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներն են, ուստի Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համագործակցության նոր հնարավորություններ փնտրեն՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի մակարդակով:
«Հետաքրքրությունը ֆորումի նկատմամբ, բոլոր մակարդակներում կատարված մեծ նախապատրաստական աշխատանքները, ոչ միայն կառավարական կառույցների, մարզերի եւ սուբյեկտների, այլեւ գործարար համայնքի ակտիվ ներգրավվածությունը վկայում են հայ-ռուսական դաշինքի բարձր մակարդակի եւ իրական տնտեսական կապեր, նոր շփումներ, տարածաշրջանային մակարդակում ծրագրեր հաստատելու ցանկության մասին»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ բիզնեսը մեծ ներդրում է ունի հայ-ռուսական համագործակցության դինամիկ զարգացման գործում: «Ապակենտրոնացված համագործակցության հանդեպ դրսեւորվող ուշադրությունը թույլ տվեց ոչ միայն համապատասխան խթան տալ հենց տարածաշրջանում, այլեւ ապահովել առկա համաձայնագրերի իրականացումը, համագործակցության նոր ոլորտներ նախաձեռնել, գործարկել նախկինում չօգտագործված մեխանիզմները եւ ռեսուրսները, կոնկրետ արդյունքների հասնել»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ֆորումի անկեղծ եւ շահագրգիռ երկխոսությունը, անկասկած, թույլ կտա կարծիքներ, թարմ գաղափարներ, տեղեկատվական եւ թվային նախաձեռնություններ փոխանակել եւ աշխատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
«Տարեցտարի ընդլայնվում են կապերը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում, ամրապնդվում են փոխհամաձայնություններն առողջապահության բնագավառում: Այս ամենը խթան է հետագա ընդլայնման եւ համագործակցության խորացման համար», - ամփոփեց նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումը, որն անցկացվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում» կարգախոսի ներքո:
Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ միջտարածաշրջանային կապերը զգալի ներդրում ունեն գործընկերության զարգացման գործում. նախարար

Հասանելի է
русский


























